ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Զվախճան մեծ բարերարի ազգիս»

«Զվախճան մեծ բարերարի ազգիս»
18.10.2026 | 11:40

Ազգային մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը վախճանվեց 1911 թ․ ապրիլի 19-ին, Սանկտ-Պետեբուրգում։ Իսկ ապրիլի 26-ին կաթողիկոսական տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցը (նույն թվականից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) վշտակցության ու մխիթարության հետևյալ գիրն ուղարկեց Ա․ Մանթաշյանցի ժառանգներին․

«Պատուական որդւոց և արժանաւոր ժառանգաց ի Տէր հանգուցեալ Աղէքսանդրի Յովհաննիսեան Մանթաշեան։
Բօթաբեր լուրն ի Ս․-Պետերբուրգ մայրաքաղաքէ գուժեաց զվախճան մեծ բարերարի Ազգիս՝ ականաւոր և արժանագոյն անդամոյ նորին Աղէքսանդրի Յովհաննիսեան Մանթաշեան և խոր խոցեաց զսիրտ մեր և համայն միաբանական ուխտիս։ Անզուգական կորուստ պատուական որդւոցդ յանձին ի Տէր հանգուցեալ հօր Ձերոյ ի սուգ մեծ համակեաց ոչ միայն զսիրտս Ձեր և ազնուատոհմ գերդաստանի Ձերոյ, այլ և զսիրտ համայն Ազգիս, որոյ արժանաւորագոյն զաւակն հանդիսացաւ առաջին բարերարն և յողջոյն կեանս իր ոչ անխնայեաց յառատաձեռն նուիրաբերութիւնս, յօժանդակութիւնս և ի նպաստ վասն յառաջադիմութեան կարօտ Ազգիս և բարեզարդութեան Ս․ Եկեղեցւոյս Հայաստանեայց։ Աստանօր թողումք ասել զազգի ազգի բազմաթիւ բարեգործութիւնս, զօժանդակութիւնս և զնպաստս այլ և այլ կրթական, բարեգործական և Աստուածահաճոյ հաստատութեանց Ազգիս և ուսումնածարաւ որդւոց նորին, այլ շատանամք յիշատակել զշինութիւնս եկեղեցւոյ հայոց ի մայրաքաղաքին Փարիզի, Ներսիսեան թեմական դպրանոցի հայոց ի Տփխիս քաղաքի և զձեռնարկութիւն կառուցման շինութեան Վեհարանի Ազգիս, որ ի Ս․ Էջմիածին, նոյնպէս և զնորոգութիւն Վանաց աւագ եկեղեցւոյ Տփխեաց և զձեռնարկութիւն նորոգութեան նորոյ սիօնի՝ Միածնաէջ Տաճարի Մայր Աթոռւոյս։
Որդեակքդ հոգևորք, արդարև մեծ է կորուստն վասն Ձեր և համայն Ազգիս յանձին բարեյիշատակ հօր Ձերոյ, այլ պարտ է ամենեցունցս խոնարհել առաջի անքննելի կամաց Երկնաւոր Հօր և մխիթարել ի հոգի, փառաբանել զԱստուած և մաղթել յաղագս հանգստեան հոգւոյ ի Տէր հանգուցեալ Աղէքսանդրի Յովհաննիսեան Մանթաշեան, որոյ արժանաւոր ժառանգքդ, լիայոյս եմք և աներկբայ, զի ընթասջիք ի նոյն շաւիղ և կատարեսջիք զկամս հանգուցելոյն, որ ոչ ժամանակեաց լնուլ։
Արդ՝ ի ձեռն գրոյս օրհնելով զպատուական որդիսդ և զհամայն, մաղթեմք առ Տէրն տէրանց, որ տուիչն է ամենայն բարեաց, ընդունել ի լոյս երեսաց իւրոց և դասել ընդ արդարս զհոգի նորոգ հանգուցեալ հօր Ձերոյ և մեծ բարերարի Ազգիս՝ Աղէքսանդրի Յովհաննիսեան Մանթաշեան, այլ և աղաչեմք զՍուրբ Հոգին, զի մխիթարեսցէ զսգազգեաց սիրտս Ձեր, ողջոյն գերդաստանի և տոհմի Ձերոյ և համայն վշտակից անդամոց Ազգիս։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։ Ամէն։
Տեղակալ՝ Գէորգ արքեպիսկոպոս»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Դիտվել է՝ 532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ